Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ մեր զրույցը հայաստանյան թատերական կյանքի մերօրյա խնդիրների, ձեռքբերումների, ինչպես նաև ընթացիկ տարվա կարևորագույն իրադարձությունների մասին է:
-Պարոն Ղազանչյան, ինչպիսի՞ն էր 2015 թվականի թատերական անցուդարձը:
-Բավականին հետաքրքիր ներկայացումներ բեմադրվեցին երևանյան թատրոններում` նվիրված Ցեղասպանության 100-րդ տարելիցին և ոչ միայն: Հետաքրքիր տեղաշարժեր եղան մարզերում: Ինձ հատկապես հաճելիորեն զարմացրին Գավառի թատրոնի նոր շենքի կառուցումը և մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանի սկզբունքայնությունը: Նրա համար գալիք տարում թատրոնի շենքի բացումը պատվի խնդիր է, և հետևելով գործընթացին, որ այսօր տեղի է ունենում, դա շատ ռեալ է: Բավական հետաքրքիր փառատոներ ունեցանք մարզերում: Ինձ համար հայտնություն էր հատկապես Աբովյան քաղաքը: Դահլիճը մշտապես լեփ-լեցուն էր: Շնորհակալություն քաղաքապետ Վահագն Գևորգյանին, ում հետ համագործակցությամբ իրականացրինք այս փառատոնը: Կարծում եմ` մարզերի հետ աշխատանքը պետք է բավական ակտիվ լինի: Կարևորում եմ նաև համագործակցությունը Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան և Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնների հետ: Բոլորովին վերջերս ենք վերադարձել Թբիլիսիից, հրավիրված էինք թատերական պրեմիերայի, որ կայացավ Վրաստանի Ռուսթավելու անվան թատրոնում: Հրաշալի ներկայացում էր, եկող տարվա սկզբներին նախատեսում ենք երևանյան պրեմիերան:
-Սահմանամերձ գյուղեր հասնո՞ւմ են թատերական միջոցառումները:
-Անցյալ տարի փառատոն անցկացրինք Վայքում: Թատերական խմբերն ու դերասանները ներկայացումներով հանդես եկան նաև Վայոց ձորի Եղեգնաձոր, Վայք, Վերնաշեն և այլ համայնքներում: Թատերական ներկայացումների մեծ պահանջարկ կա սահմանամերձ շրջաններում: Կարծում եմ, մարզպետները պետք է շահագրգռվածություն ցուցաբերեն: Մենք միշտ պատրաստ ենք համագործակցելու, առաջարկներ անելու:
-Սունդուկյանի անվան թատրոնի վերանորոգման, վերազինման համար ծախսվող գումարները քննադատության են արժանանում: Կարծիք կա, որ թատրոնն ավելի շատ ներքին «փոփոխությունների» կարիք ունի: Համամի՞տ եք:
-Մայր թատրոնի համար պետք է շատ գումարներ ծախսվեն, նույնը կարող եմ ասել Ազգային օպերայի մասին: Ամբողջ աշխարհում է այդպես: Ես խնդրին այլ կերպ եմ ուզում մոտենալ: Սունդուկյանի անվան թատրոնի պարագայում այս հարցադրումը պետք է ժամանակավորապես սառեցնել, քանի որ վերազինման աշխատանքներ են տարվում: Թատրոնի նոր գեղարվեստական ղեկավար Արմեն Էլբակյանը սկսել է «Պեպո» պիեսի բեմադրական աշխատանքները, ինչը շատ ռիսկային, բայց արդարացված որոշում է: Ցավոք, կա թատերական մտավորականության մի շերտ, որ կարծում է` Սունդուկյանն արդեն իր դարն ապրած հեղինակ է: Նույն ձևով Ռուսաստանում Օստրովսկին էր հնացած համարվում, բայց Պյոտր Ֆոմենկոն ապացուցեց, որ դա բոլորովին էլ այդպես չէ: Էլբակյանի «Պեպոյի» պարագայում, որքան տեղյակ եմ, նույնպես անսպասելի ու հետաքրքիր բեմադրություն է սպասվում: Թատրոնի վերանորոգումը մեկ տարի կտևի, որից հետո, կասկած չունեմ, ականատես կլինենք նրան, ինչ ասացի:
-Դրամատուրգների և բեմադրիչների տարաձայնության մասին ի՞նչ կասեք: Իսկապե՞ս անտեսվում են մերօրյա հեղինակները:
-Ամբողջ խնդիրն այն է, որ ժամանակակից դրամատուրգները քիչ են: Եթե շատ դրամատուրգներ են հայտնվել ու շատ են գրում, դա դեռ բավարար պայման չէ նրանց գրածները բեմադրելու։ Գեղեցիկ գաղափարներն ու ձանձրալի երկխոսությունները դեռևս պիես չեն: Թատերագիտության մեջ կարծիք կա, որ ամենամեծ դրամատուրգը Դոստոևսկին է, չնայած Դոստոևսկին ոչ մի պիես չի գրել: Պարզապես նրա գործերում շարժում, դինամիկա, հստակ ձևավորված ֆաբուլա կա: Շատ հաճախ պիես են գրում մարդիկ, ովքեր հեռու են թատրոնից: Այն դրամատուրգների պարագայում, ովքեր թատրոնը գիտեն, թատրոնների հետ աշխատում են, բեմադրվում (Պերճ Զեյթունցյան, Նորայր Ադալյան, Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան, Անուշ Ասլիբեկյան-Արծրունի և այլք), ես որևէ խոչընդոտ չեմ տեսնում: ՈՒրիշ բան, որ կարելի է մի փոքր ակտիվացնել կապը թատրոնների հետ: Այդ խնդիրն իսկապես կա, բայց դա էլ, ինչպես ասում են, երկուստեք պետք է լինի: Այսինքն, դրամատուրգն ինքը պետք է վարակի թատրոնին իր թեմայով, թատրոնը պետք է հավանի պիեսը: Եթե, օրինակ, ժամանակակից դրամատուրգի հետաքրքիր գործ հայտնվի, ես միանգամից կանաչ լույս կվառեմ, որովհետև, իմ կարծիքով, ժամանակակից դրամատուրգիան պետք է առաջնային լինի յուրաքանչյուր թատրոնի խաղացանկում: Ժամանակակից դրամատուրգիայի զարգացումը միանշանակ նաև ժամանակակից թատրոնի ճիշտ զարգացումն է:
-Թատերական կյանքի աշխուժացման գործում դեր ունե՞ն արդյոք թատերագետները:
-Այո, եթե օբյեկտիվ թատերագետ է, կաղապարված չէ պայմանականություններով, երբ մեկի մասին չի կարող վատ գրել, իսկ մյուսի մասին պետք է լավ գրի: Ցավոք, մեր թատերագիտության մեջ օբյեկտիվության սակավություն կա: Ես կարոտել եմ լուրջ վերլուծական թատերական հոդվածների, ինչպիսիք էին Լևոն Հախվերդյանի, Ռուբեն Զարյանի, Գևորգ Աբաջյանի, Վադիմ Մելիքսեթյանի, Վարսիկ Գրիգորյանի (բարեբախտաբար վերջինս շարունակում է գրել) հոդվածները: Գրվում էր ներկայացման և՛ հաջողությունների մասին, և՛ բացթողումների: Կարող էին և չընդունել ներկայացումը, բայց ստորացնելու միտում չկար:
-Գովազդի խնդիրն ինչպե՞ս են լուծում թատրոնները:
-Դա թատրոնների ամենացավալի խնդիրն է, քանզի հեռուստագովազդն այսօր շատ թանկ հաճույք է: «Ար» հեռուստաընկերությունը, Հ1-ը ներկայացնում են թատերական ազդագիրը, բայց գովազդն այլ է: Ցուցապաստառներ պետք է լինեն քաղաքի տեսանելի վայրերում, եթերում երևան: Այսօր, ցավոք, միայն կոմերցիոն ներկայացումներն են օգտվում գովազդի հնարավորությունից: Ներկայացումը գովազդվում է նաև այն դեպքում, երբ նախագիծը տվյալ հեռուստաընկերությանն է: Ոչ միայն պետական թատրոնները, նոր ստեղծվող թատերական խմբերը նույնպես այդ առումով շատ անօգնական վիճակում են: Փորձում ենք գոնե համացանցի միջոցով տեղեկությունը հասցնել թատերասերներին:
-Հանրակրթական դպրոցներում աբոնեմենտային համակարգի արգելման մասին ի՞նչ կասեք:
-Այսօր դպրոցների առաջ ոչ միայն մեր, բոլոր թատրոնների մուտքն է փակ: Որպես Պատանի հանդիսատեսի թատրոնի գեղարվեստական ղեկավար ուզում եմ ասել, որ այդ առումով առաջին հերթին մեր և տիկնիկային թատրոնի գործն է դժվարանում: Մեր թատրոնը տասնյակ տարիներ շատ արդյունավետ աշխատել է դպրոցների հետ: Հաշվի է առել դպրոցի տնօրինության, ուսուցիչների դիտողությունները, առաջարկները, հանդիպումներ, քնարկումներ ենք կազմակերպել ներկայացումներից հետո, բավական լուրջ կրթական-դաստիարակչական աշխատանք է տարվել: Աշխատանքի բերումով այսօր շատ պաշտոնյաների եմ հանդիպում և պետք է ասեմ, որ թատրոնին առնչվող հարցերն առավել հեշտ ու քաղաքակիրթ ձևով հնարավոր է լուծել այն պաշտոնյաների հետ, ովքեր փոքր հասակում այցելել են թատրոն: Հաճելի է, երբ նրանք սկսում են հիշել մեր դերասաններին, դպրոցական եղած ժամանակ տեսած ներկայացումները: Աբոնեմենտային համակարգը արգելեցին` անունը դրամահավաք դնելով: Կարծում եմ, այն կարող էր գործել առանց պարտադրանքի՝ դպրոցների ղեկավարներին իրավունք տալով որոշելու, թե որ ներկայացումն է նպատակահարմար իրենց աշակերտներին:
-ՈՒնե՞նք «Թատրոնի մասին» օրենքի անհրաժեշտություն: Ժամանակ առ ժամանակ այս մասին ակնարկներ լինում են:
-«Թատրոնի մասին» օրենքը ոչ մի կոպեկ չի ավելացնելու մեր բյուջեին, չի էլ պակասեցնելու: Ինչ ունենք, դա ենք ունենալու: Այդ օրենքով գոնե կհամակարգվի թատրոնի կառուցվածքը, ղեկավարման սկզբունքը: Անթույլատրելի է, երբ գեղարվեստական ղեկավարին նշանակում է թատրոնի տնօրենը: Դա նշանակում է, որ ուզած ժամանակ, տնօրենի հրամանով գեղարվեստական ղեկավարը կարող է ազատվել աշխատանքից: Կարծում եմ, գեղարվեստական ղեկավարն էլ, տնօրենի պես, պետք է նշանակվի վերադաս մարմնի կողմից ու նրան էլ հաշվետու լինի: Երևանյան և մարզային մի շարք թատրոններում` Վանաձորում, Գյումրիում գեղարվեստական ղեկավարներն առաջին դեմքեր են ընդամենը իրենց հեղինակության շնորհիվ: Բայց մարզերում այլ վիճակ է, գեղարվեստական ղեկավարները, երբ նշանակվում են, դառնում են երկրորդական, կադրերի տեսուչին հավասար աշխատողներ: Անգամ տնօրենը կարող է ասել` ինչը բեմադրի, ինչը` ոչ: Մի քանի ամսից համագումար ենք հրավիրելու, դարձյալ այդ հարցը կբարձրացնենք: Բայց ցանկություն է պետք:
-Ի՞նչ կասեք միության 2016-ի ծրագրերի մասին:
-Պատրաստվում ենք թատերական գլխավոր իրադարձությանը` «Արտավազդ» մրցանակաբաշխությանը, որ տեղի կունենա Թատրոնի միջազգային օրը` մարտի 27-ին: Դա միակ միջոցառումն է, որ ամփոփում է տարվա ընթացքում թատրոնների կատարած աշխատանքը, հաջողությունները, և այդ հաջողություններն իրենց գնահատականն են ստանում: Դրանից անմիջապես հետո` ապրիլին, կգումարվի միության հերթական համագումարը:
Հարցազրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ